ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում քննարկվել են «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները»։ Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ դերակատարությունը Արցախի համար նոր փորձությունների օրերին և որակել ճիշտ ու թիրախային ազդանշան՝ համահայկական համախմբվածության համար: Համատեղ նիստի մասնակիցներին ողջույնի խոսք են ուղղել գլխադասային հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Զաքարյանը և Արզիկ Մխիթարյանը՝ ընդգծելով այդ ձևաչափով հանդիպումների կարևորությունը:
Նիստում ելույթ են ունեցել Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը («Ռազմական իրադրություն. մարտահրավերներ, խնդիրներ և զարգացումներ»), Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը («ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը. մարտահրավերներ և հնարավոր զարգացումներ):
Մտքերի փոխանակման ընթացքում փորձագետները պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցերին: Օրվա երկրորդ կեսին նիստը շարունակվել է ՀՀ և ԼՂՀ պատգամավորների ելույթներով: Նրանք ներկայացրել են առաջարկություններ՝ Արցախի և Հայաստանի համար արտաքին և պաշտպանական ու անվտանգային ոլորտների ռազմավարական ուղղությունների վերաբերյալ: Ամփոփելով նիստը՝ ԼՂՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքների մասին, նշելով, որ քննարկումների արդյունքում ծավալուն և օգտակար տեղեկատվություն է հավաքվել, ինչը փորձագետների և քաղաքական գործիչների համար ճիշտ եզրահանգումների և լուրջ ուսումնասիրությունների նյութ կդառնա: